«Այբ» ավանում եկեղեցու առկայությունը խորհրդանշում է ճանաչողության եւ բարոյական արժեքների գոյաբանական կապը: Եկեղեցին, լինելով վկայությունը մեր հոգևոր ժառանգության, նաև երաշխիքն է բարոյական սերնդի ձևավորման եւ հայ ժողովրդի հոգևոր ապագայի: Դարեր շարունակ Հայ Եկեղեցին եւ Հայ Դպրոցը եղել են կողք կողքի` ապահովելով մեր ժողովրդի հոգևոր-ազգային միասնականությունը եւ ճանաչողական-արժեքային ներդաշնակությունը: «Այբ» կրթական ավանը կոչված է դառնալու մի միջավայր, ուր հաղթահարված է իրականության խզումը անցյալից ու ապագայից, ուր պատմությունը հոգեղեն ներկայություն է, իսկ ապագան` արարման նախանձախնդրություն:
Մեր սուրբ Թարգմանիչների՝ սբ Մեսրոպի, սբ Սահակի և նրանց աշակերտների շարժումը «Այբ» համայնքի համար եղել է մեծագույն օրինակ և ներշնչանքի աղբյուր, և եկեղեցու կառույցը խորհրդանշում է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա են խարսխված հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը: