Ընթացիկ նախագիծ

27 աշխատարան Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում

«Քան» ակադեմիան հավատում է, որ կրթությունը մարդկային ներուժի բանալին է և ունի մի պարզ առաքելություն` համաշխարհային մակարդակի որակյալ կրթությունն անվճար հասանելի դարձնել բոլորին և ամենուրեք:

«Քան» ակադեմիան առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։

Արդեն երկու տարի է՝ Հայաստանը միացել է ծրագրին՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար. «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը։

 

Օգնե՛ք «Քան» ակադեմիային որակյալ կրթությունը հասցնել Տավուշի սահմանամերձ համայնքներ

 

Այս նախաձեռնության շնորհիվ Տավուշի սահմանամերձ գյուղերի 19 դպրոցի 5-8-րդ դասարանների 360 աշակերտ հնարավորություն կստանա խորացնելու մաթեմատիկայի գիտելիքները, իսկ 30 ուսուցիչ՝ նոր նյութերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավելու ուսումնառության որակը։ Նախատեսվում է hոկտեմբերի 11-ից մինչև տարեվերջ անցկացնել 27 աշխատարան Տավուշի մարզի Ակնաղբյուր, Վազաշեն, Ոսկեպար, Կիրանց, Դովեղ, Դիտավան, Բերքաբեր,  Բարեկամավան, Աճարկուտ,  Լուսաձոր,  Լուսահովիտ,  Ջուջևան,  Չինարի, Այգեպար Ն. Կարմիրաղբյուր, Վարագավան, Չինչին, Ն Ծաղկավան,  Իծաքար համայնքների դպրոցներում։

Մեր երիտասարդ ու խանդավառ թիմն այցելելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ՝ ամենախոցելի գյուղերի 360 դպրոցականի սովորեցնելու անվճար առցանց կրթական հարթակի օգնությամբ ստանալ մաթեմատիկայի ամբողջական գիտելիքներ։ Ծրագիրն ունի նաև ուսուցիչներին վերապատրաստելու բաղադրիչ։ Թիմն արդեն հայերենով տեղայնացրել է յոթ բաժին (2800 տեսանյութ և 12 000 վարժություն/հոդված), որոնց մեջ մաթեմատիկան ամենամեծն է և այս փուլում կլինի առաջնահերթություն։ Մենք տեսանյութերի միջոցով կազմակերպում ենք առցանց կրթություն, ուսումնական նյութերի ու վարժությունների օգնությամբ հնարավորություն տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները, խաղային տարրերի ներգրավմամբ ուսումնառությունը դարձնում առավել հետաքրքիր։

Տավուշի մարզի սովորողների գերակշիռ մասի համար հասանելի չեն կրթական որակյալ ռեսուրսները, կամ նրանք բավարար տեղեկացված չեն դրանց մասին, իսկ մեր հարթակի միջոցով առցանց ու անվճար հնարավոր է լրացնել այդ բացը, հատկապես որ համացանցն այսօր հասանելի է գրեթե բոլորին։

Կատարի՛ր քո կարևոր նվիրատվությունն այս ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Մեր թիմին  անհրաժեշտ է 1 մլն դրամ՝ դասընթացները կազմակերպելու և դասընթացավարներ ներգրավելու, տեղեկատվական և ուսումնական նյութեր տպագրելու, ծրագրի շրջանակում կազմակերպվող կրթական մրցույթների հաղթող  երեխաներին խրախուսելու նպատակով. Տավուշի մարզպետարանը կհոգա փոխադրման ծախսերը։

Համոզված ենք, որ ձեր բոլորի մասնակցությամբ ու աջակցությամբ հնարավոր կլինի ոչ միայն ուժեղացնել  դպրոցը սահմանապահ այս գյուղերում և այստեղ սովորող երեխաներին դարձնել մրցունակ ու համաշխարհային միտումներին հաղորդակից, այլև դրանով  ամրապնդելու մեր թիկունքն ու սահմանը։

Օգնի՛ր ուժեղացնելու դպրոցը Տավուշում։

Նվիրաբերել