Առաջին երկու FabLab-երը Հայաստանում
Հաջողված նախագիծ

Առաջին երկու FabLab-երը Հայաստանում

FabLab-ը ը ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) ստեղծած արհեստանոց-լաբորատորիա է՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով, որոնք հնարավորություն են տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում և արտադրելու գրեթե «ամեն ինչի» ձևանմուշներ: FabLab-ում իրականացվող ծրագրերը վերաբերում են ինչպես տեխնոլոգիական նորարարություններին ու բարեփոխումներին, այնպես էլ գործարարական նոր մոտեցումներին ու անենատարբեր  հետազոտություններին արտադրության, ռոբոտաշինության, դիզայնի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 2015 թվականին «Այբ» հիմնադրամը բացեց Հայաստանում առաջին երկու FabLab-երը՝ Երևանի «Այբ» և Դիլիջանի կենտրոնական դպրոցներին կից:

FabLabՀայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական:

Միանալով FabLab ցանցին՝ Հայաստանը դառնում է աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ և հնարավորություն ստանում օգտվելու այն հմտություններից, գիտելիքից և փորձից, որոնք ստեղծվել են ցանցի  լաբորատորիաներում:

«Այբ» հիմնադրամը երկարատև բանակցային գործընթաց է վարել ՄՏԻ-ի հետ: Բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել FabLab սարքավորումային լիակատար փաթեթը, որն այս պահին ներառում է՝

  • համակարգչային կարգավորմամբ լազերային կտրող սարք,
  • թվային կարգավորմամբ մետաղահատ (ֆրեզային) հաստոց՝ մեծ չափի ձևանմուշներ ստանալու համար,
  • ալեհավաքներ, տպագրական կաղապարներ, ճկուն սխեմաներ ստեղծող սարք,
  • եռաչափ տպիչներ,
  • ծրագրավորման արագագործ և փոքր ծախսատարությամբ միջոցներ,
  • այլ սարքեր ու ծրագրեր

«Այբ» կրթական հանգույցի ամբողջ ծրագրի գործարկումից հետո FabLab միանալու է հանգույցում գործող գիտության և տեխնոլոգիայի կենտրոնին: Այսպիսով՝ FabLab, լինելով ցանկացած կրթական ու գիտական հաստատության համար փորձարկումների ու գաղափարների իրականացման բաց տիրույթ, լիարժեքորեն համապատասխանում է կրթական հանգույցի գաղափարախոսությանը, այն է՝ դպրոցական ավանը դարձնել կյանքի ու հասարակության հիմնական ուղղությունների ու կարևոր հաստատությունների խաչմերուկ, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր փորձն ու սովորում սովորեցնելով: Երևանի FabLab-ի ստեղծումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, իսկ Դիլիջանինը՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Համագործակից կառույցներ

  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Բիտերի և ատոմների կենտրոն
  • Հայաստանի կենտրոնական բանկ
  • ՎիվաՍել-ՄՏՍ 

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար։